Անունս Արփինե է: Ծնվել եմ Հայաստանում։ Մասնագիտությամբ բիզնես կառավարման և մարդկային ռեսուրսների առաջատար մասնագետ եմ։ Հիմնական մասնագիտությունից բացի, այս պահին հանդիսանում եմ Los Pueblos մեքսիկական ռեստորանի համահիմնադիր և Շեֆ խոհարարը։ Դեռ վաղ հասակից շատ մեծ սեր եմ ունեցել խոհանոցի հանդեպ։ Դա հենց այնպես չի եղել, քանի որ մեծացել եմ մի տան մեջ, որտեղ խոհարարական շունչը միշտ ներկա է եղել։ Մայրս եղել է շատ լավ խոհարար, իսկ մորաքույրս՝ ճանաչված Շեֆ խոհարար։ Հիշում եմ, մայրս միշտ ինձ կանչում էր խոհանոց և սովորեցնում խոհանոցում աշխատել՝ թխել, եփել, պատրաստել տարատեսակ քաղցրեղեններ, ուտեստներ։ Աստիճանաբար ինձ ներգրավում էր ավելի պատասխանատու աշխատանքների ՝ ինչ որ գործողություն ինքնուրուն կատարել, որևէ բան պատրաստել։ Այդ ամենը միանշանակ օգնում և ստիպում էր ինձ ավելի պատասխանատու գտնվել, ունակություններս և գիտելիքներս էլ ավելի կատարելագործել։ Եվ ինչպես ցանկացաց հայ ընտանիքում է ընդունված մայրս ասում էր․ «աղջիկ ես, սովորի՜ր, կմեծանաս մի օր պետք կգա»։

 

Հիշում եմ երբ դրսում ինչ-որ համեղ բան էի համտեսում, փորձում էի հասկանալ և մտաբերել այն համերը, որոնք զգացել էի ուտելու ընթացքում։ Տուն վերադառնալուն պես պատրաստում էի տվյալ ուտեստը՝ փորձելով վերարտադրել բոլոր այն համերը որոնք զգացել էի։ 

Տարիներ առաջ առիթ ունեցա բնակվելու Միացյալ Նահանգներում։ Բնակվում էի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Այնտեղ կյանքը այլ հունով է ընթանում։ Զբաղվածության պատճառով օրվա մեծ մասը դրսում էի անցկացնում և ստիպված էի սնվել դրսում։ Դա էլ ինձ համար լավ առիթ էր՝ նորանոր տեղեր և համեր բացահայտել և հետո հանգստյան օրերիս՝ սովորության համաձայն, պատրաստել դրանք ու ճաշկերույթի տեսքով հյուրասիրել իմ մտերիմներին։ 

Խոհանոցներից ինձ համար ավելի հոգեհարազատ է մեքսիկականը: Ես և իմ ամուսինը այնքան շատ էինք հավանում մեքսիկական խոհանոցը, որ շաբաթական առնվազն երկու անգամ պարտադիր օգտվում էինք հենց այդ խոհանոցից, բայց շատ ժամանակ զգում էինք որ անգամ դա մեզ բավարար չէր և մենք հաճախակի ճամփորդում էինք Մեկսիկա, այցելում տարբեր քաղաքներ, որպեսզի լիովին զգաինք մեկսիկական շունչը, մթնոլորտը և բնականաբար խենթացնող համերը։ Այս ամենից արդեն պարզ է դառնում թե ինչու է մեքսիկական մշակույթը և խոհանոցը ինձ համար այդքան հոգեհարազատ։ Այնտեղ լինելով և այդ ամենը տեսնելով, զգալով ես հասկացա որ ինձ շատ է դուր գալիս հենց այդ վառ գույները, մթնոլորտը, ուտեստների մեջ օգտագործվող բաղադրիչները, համեմունքների բազմազանությունը, մայրիկների և տատիկների վերաբերմունքը իրենց արժեքներին և ավանդույթներին։ Հարց կտաք թե ինչու՞ մայրիկները կամ տատիկները։ Դա պարզ բացատրություն ունի։ Հիմնականում մեքսիկական խոհանոցները՝ փոքրիկ կամ մեծ ռեստորանները, ընտանեկան բիզնեսներ են և գլխավոր անձը խոհանոցում՝ մաման է կամ տատիկը, մեկսիկերենով ասված՝ «Մամասիտան»։ Իրենց պահվածքը, վերաբերմունքը, հյուրընկալությունը և անմիջականությունն է որ ստեղծում է այդ անբացատրելի դուրեկան կոլորիտը, ինչը չհավանելը և չգնահատելը պարզապես անհնար է։ Այս ամենը ինձ այնքան էր գրավել, որ ես որոշեցի Շեֆ խոհահար դառնալ։ Խոհարարական կրթությունս ձեռք եմ բերել Կալիֆորնիա նահանգում գտնվող Բերկլի քաղաքի աուտենտիկ մեքսիկական ռեստորաններից մեկում, որը կոչվում էր «Պիկանտե»։  Շատ լավ հիշողություններ ունեմ այնտեղ անցկացրած օրերից, շատ կարևոր և արժեքավոր բաներ կարողացա ձեռք բերել, սովորել իմ ուսուցչից, ում անունը Ջիմ էր, ով «Պիկանտե» ռեստորանի հիմնադիրն էր։ 

Կրթությունս ավարտելուց հետո վերադառնալով Հայաստան, 2018 թվականին համահիմնադրեցի Los Pueblos աուտենտիկ մեքսիկական ռեստորանը, որը գտնվում է մեր Երևան քաղաքի սրտում՝ Կասկադում, որտեղ հանդիսանում եմ թե որպես համահիմնադիր տնօրեն և թե որպես գլխավոր Շեֆ խոհարար։ Խոհանոցի հանդեպ մեծ սերը և դրսում ձեռք բերված ուսմանս արդյունքում կարողացա ստեղծել մի վայր, որը շատ կարճ ժամանակում դարձավ մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկը, ինչի համար շատ ուրախ եմ։ Բայց սա դեռ սկիզբն է: Ես և իմ ամբողջ թիմը շարունակում ենք կատարելագործել մեր խոհանոցը, բարձրացնելով նաև մեր սպասարկման որակը փորձելով մեր հյուրերին հաղորդել այն զգացումենրը, որոնք ես զգացել եմ այնտեղ և վստահ եմ որ մեզ համար դեռ ամեն ինչ առջևում է։

բաղադրատոմս

Գուակամոլե։ 1 ավոկադո (200 գ) հասունացաց և փափուկ, կես լոլիկ (60 գ) մանր կտրատված, սպիտակ սոխ (40 գ) մանր կտրատված, 5գ. հաբաներո սոուս, օգտագործել ավելի քիչ եթե ցանկանում եք քիչ կծու, կարող եք օգտագործել սեռանո պղպեղ հաբաներո սոուսի փոխարեն, լայմի հյութ, թարմ կտրատված համեմ (օգտագործել միայն համեմի տերևները), ըստ համի ծովի աղ։

Պատրաստման եղանակ: Լվանալ ավոկադոն, կտրել մեջտեղից և կորիզը հանել, որից հետո գդալով հանել ամբողջ ավոկադոն և տեղափոխել խորը ափսեի մեջ։ Պատարաքաղով ճզմել ավոկադոն և վրան ավելացնել բոլոր վերը նշված բաղադրիչները և միքս անել և մատուցել։

Մեքսիկական “Los Pueblos” ռեստորանը բացվել է 2018 թ-ի դեկտեմբերին Երևանում ՝ Կասկադում: Այն գունագեղ վայր է՝  դրական էներգիայով, , որտեղ հյուրերը զգում են իրենց ինչպես Մեքսիկայում: Նրանք մտովի «ճանապարհորդում են » Մեքսիկա ՝ առանց Հայաստանից հեռանալու: Մեր սիրելի այցելուները վայելում են իսկական մեքսիկական սնունդն ու խմիչքներ ՝ մեքսիկական ինտերիերի և լատինամերիկյան երաժշտության ուղեկցությամբ: Հյուրերի սիրված վայրն է հանդիսանում  նաև մեր բացոթյա հատվածը, որտեղ էլ վայելում են գարնան և ամռան հաճելի օևերը։ Los Pueblos-ում մենք օգտագործում ենք բացառապես թարմ, տեղական միս և արտադրանք, մինչդեռ մեքսիկական բաղադրիչները և համեմունքները ներմուծում ենք ԱՄՆ-ից: Մեր եգիպտացորենի տորտիլաները ամբողջությամբ  պատրաստում ենք տեղում՝ օգտագործելով ԱՄՆ-ից ներմուծված Maseca ալյուրը։ Los Pueblos-ում աճեցնում ենք նաև մեքսիկական պղպեղներ, մի քանի տեսակի տնկիներ, խոտաբույսեր, որոնք օգտագործում ենք մեր խոհանոցում: Կարևորելով մարդկային ռեսուրսները՝ մեծագույն հարգանքով և գնահատանքով ենք վերաբերվում մեր աշխատակիցներին, ստեղծելով հիանալի պայմաններ նրանց մասնագիտական աճի համար:

To know more about Los Pueblos